ՈՐՈՏՆԱՎԱՆՔ - HelpMe.am

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

№ 185-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Որոտնավանքը, կամ Վաղատնի վանքը, գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Որոտան գետի կիրճի եզրին: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, այս վանքային համալիրը Հայաստանի ամենախոշորներից մեկն էր: Համալիրի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցու (ներկայումս քանդված) հիմնադրողն էր Գրիգոր Լուսավորիչը: Վաղ միջնադարում եկեղեցին, որը նշանավոր ուխտատեղի էր, հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու զորությամբ:
Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից և օժանդակ կառույցներից: 1000 թ. Սյունյաց Սմբատ թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին, Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ կառուցել է թաղածածկ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Այն ունի երկու ավանդատուն, աղոթասրահ և գավիթ: Վանքի երկրորդ՝ Սուրբ Կարապետ եկեղեցին, կառուցել է Շահանդուխտի կրտսեր որդի` Սյունյաց Վասակ թագավորի եղբայր, իշխան Սևադան 1006-1007թթ.:
Սուրբ Կարապետ եկեղեցին գմբեթավոր, ներքուստ խաչաձև, եռախորան հորինվածք ունի: Նրա չորս անկյուններում գտնվում են ավանդատները: Եկեղեցին ներսից զարդարված էր որմնանկարներով: Պահպանված հատվածի վրա պատկերված է աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում` հրեշտակ:
Երկու եկեղեցիներին կից են սյունասրահները, որոնք ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն: Այստեղ են թաղված վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և նրա որդի Սևադան: Վանքը շրջապատված էր պարիսպով, որից միայն ավերակներ են մնացել: Վանքի բոլոր շինությունները կառուցված են տեղական բազալտից:
Վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: 1438թ. վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթը:
Որոտնավանքը եղել է գրչության կենտրոն: Այստեղ ապրել ու աշխատել են հանրաճանաչ հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլն:
Վանքը գործել է մինչև XX դարի սկիզբը: Նրա բոլոր շինությունները տուժել են 1931թ. երկրաշարժի ժամանակ: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 1980-ին, բայց մինչև օրս չեն ավարտվել:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար