ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎ - HelpMe.am

ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎ

№ 16-ը 48-ից - Բնության
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Հին հայկական պատմիչները բազմիցս հիշատակել են Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:
Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով և միայն 1960-ական թվականերին հնէաբան գիտնականները սկսել են նրա ուսումնասիրությունը: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Ամենամեծ սրահը զբաղեցնում է 3000 քառակուսի մետր մակերես: Հսկայական կլոր դահլիճի պատերը ունեն տարօրինակ մակերևույթ, կարծես նրանց օձեր են կպցրած: Ուժեղ լուսավորության դեպքում, զարդաքանդակները այնպես են փայլում, կարծես գտնվում ես հիասքանչ պալատում:
Այստեղ, աշելյան մշակութային դարաշրջանի շերտում, առաջին անգամ են հայտնաբերվել բուսական և կենդանական աշխարհների բրածո մնացորդներ, նախնադարյան արվեստի հետքեր, քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին:
Այդ սրահից տարբեր կողմեր միջանցքներ են ձգվում: Արևելյանը, կապում է մեծ սրահը հաջորդի հետ: Մի քանի մետրից սկսվում է երրորդ սրահը: Շթաքարերով զարդարված կամարները սրահը բաժանում են մի քանի մասի: Այստեղ հայտնաբերվել են բազմապիսի կավե իրեր, տաշած քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկորներ: Պարզվում է, որ առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:
Ի տարբերություն մյուս դահլիճների, հաջորդ` չորրորդ, դահլիճի հատակը հարթ է և բավականին չոր: Սրահը ունի միայն մեկ մուտք և այստեղ ավելի ցայտուն են մարդկային աշխատանքի հետքերը: Այստեղից միջանցքը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և դուրս է գալիս դեպի քարանձավի հարավային մուտքը:
Մուտքի մոտ, 7մ խորության վրա, հնէաբանները հայտնաբերել են մուստերյան դարաշրջանի նեանդերթալցու վերին ծնոտի բեկոր: Բեկորը, իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստության և երկու այլ ատամների մնացորդներ: Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ հայտնաբերվել են չորս տեղերում` Սիդի Աբդուրախմանում (Մարոկկո), Շտեյնխեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիա-դել Դիաբոլոնում (Իտալիա): Արցախի Հադրութի շրջանում գտնված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականությունում դասվում է 5-րդ համարի տակ:
Նկարագրված չորս սրահներից բացի, հետագայում հայտնաբերվել են ևս երկուսը: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Քարանձավում հայտնաբերված է եղել 43 տարբեր տիպի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկոր, մոտ 6 հազար քարե գործիք և այլ իրեր, ինչպես նաև միջնադարյան շինության հետքեր:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար